Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Պուտինը խաղը դնում է Մետաքսի ճանապարհի վրա

Պուտինը խաղը դնում է Մետաքսի ճանապարհի վրա
11.02.2018 | 16:09

2013-ի սեպտեմբերին, երբ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինն առաջադրեց «Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու» գաղափարը, Մոսկվան վատ կանխազգացումներ ունեցավ` գրում է Արտյոմ Լուկինը The Washington Post-ում: Կրեմլը զգուշանում էր Եվրասիական տնտեսական միության իր նախագծի հետ մրցակցությունից: Բայց 2014-ի ուկրաինական ճգնաժամը փոխեց Կրեմլի հաշվարկները: Արևմուտքի հետ առճակատումը և ռուսական տնտեսության վիճակի վատացումը` ԱՄՆ-ի նախաձեռնած պատժամիջոցների ու նավթի գնանկման հետևանքով, Մոսկվային համարյա ընտրություն չէին թողնում: Եվս մեկ հարված դարձավ ՈՒկրաինայի կորուստը` իբրև Ռուսաստանի նախաձեռնած ինտեգրման անդամի: Ռուսաստանը չուներ բավականին մեծ շուկա` ստեղծելու սեփական կենսունակ աշխարհատնտեսական գոտի, մնաց մեկ տարբերակ` տեղափոխվել ուրիշ երկրի տնտեսական ուղեծիր:

Թեպետ Մոսկվան գովաբանում է չինական «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ծրագիրը (Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու և 21-րդ դարի ծովային մետաքսի ճանապարհի միավորումը), ձգտում է արգելակել չինական աշխարհաքաղաքական գերակայությունը մայրցամաքային Եվրասիայում ու առաջ է քաշում «եվրասիական մեծ գործընկերության» կամ «Մեծ Եվրասիայի» իր ծրագիրը: Քանի որ առևտրաֆինանսական առումով Եվրասիայում Ռուսաստանը Չինաստանից թույլ է, փոխարենն ավանդաբար ուժեղ է ռազմաքաղաքական ու դիվանագիտական առումով: Տնտեսական նախաձեռնությունները թողնելով Չինաստանին, Մոսկվան ձգտում է եվրասիական տարածքում գլխավոր ճարտարապետի դերին քաղաքականության ու անվտանգության ասպարեզում, որ կարտացոլեր նրա գերակայությունները և կհամընկներ մայր ցամաքի մեծ տերությունների բազային շահերի հետ: «Մեծ Եվրասիան»` կազմված Եվրասիայի ամենահզոր ոչ արևմտյան երկրներից, պատկերացվում է իբրև արևմտյան գերակայության տակ գտնվող աշխարհակարգի հակակշիռ: Կենտրոնական Ասիայի երկրները զգուշությամբ են վերաբերվում ազատ առևտրի գոտու ստեղծման Չինաստանի կոչերին: Նրանք չեն պատրաստվում լքել Ռուսաստանին` նախապատվությունը տալով Չինաստանին: Նրանք ավելի շուտ Մոսկվայի կարիքն ավելի շատ են զգալու, որ ապահովագրեն իրենց Չինաստանի տնտեսական աճող ազդեցությունից:

Չինաստանն իրեն հայտարարել է մերձարկտիկական պետություն և մտադիր է շարունակել «բևեռային Մետաքսի ճանապարհը»: Ռուսաստանը երկակի վերաբերմունք ունի` մի կողմից ծայր հյուսիսը համարում է արգելավայր, որ չափազանց կարևոր է իր անվտանգության ու ազգային նույնականության տեսակետից, մյուս կողմից` Ռուսաստանի տնտեսական աճը ավելի շատ կախված է Արկտիկայի ռեսուրսների յուրացումից, իսկ Չինաստանը, թերևս, ֆինանսավորման միակ աղբյուրն է: Այս պահին Մոսկվան հաշտվում է Չինաստանի Մետաքսի ճանապարհի հետ` համարելով, որ շահը գերակայում է ռիսկը: Չին-ռուսական առանցքը, բացի ԱՄՆ-ին իբրև ընդհանուր հակառակորդ վերաբերվելուց, ամրապնդվում է Պուտինի ու Սիի անձնական բարեկամական հարաբերություններով: Բայց դա չի քողարկում փաստը, որ Չինաստանի տնտեսությունը 8 անգամ գերազանցում է ռուսականը և այդ տարբերությունը շարունակում է մեծանալ: Հարց է` երկարաժամկետ հեռանկարում տնտեսական անհամաչափությունը կվերաճի՞ քաղաքական անհավասարության և Ռուսաստանը կդառնա՞ Չինաստանի մոտերքում երկրորդական պետության:

Արտյոմ ԼՈՒԿԻՆ, The Washington Post


Հ.Գ. Ինչպե՞ս համադրել այս իրողությանը, որ ԵԱՏՄ ու ՀԱՊԿ անդամ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը 2013-ին ԵՄ-ի հետ համագործակցության համաձայնագիր կնքելուց հետո 2018-ին Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին էր «հանձնում» Կենտրոնական Ասիայի 6 երկրների անվտանգությունը ու համագործակցության միլիարդների համաձայնագիր էր կնքում ԱՄՆ-ի հետ: Իսկ Ղրղզստանի նախորդ նախագահ Ալմազբեկ Ատամբաևը բողոքում էր, որ ԵԱՏՄ-ն կաշկանդում է Չինաստանի հետ ազատ առևտրի հնարավորությունները և վնասում երկրի տնտեսությանը: Հիմա` որտե՞ղ է առանցքը և որտե՞ղ առանցքի հակակշիռը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2487

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ